?

Log in

No account? Create an account

COGITO ERGO SUM

ՄՏՔԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Previous Entry Поделиться Next Entry
Ճգնաժամի ավա՞րտ, թե՞ նոր անկման նախերգանք
vimana777

Համաշխարհային ճգնաժամը մեծ հարված հասցրեց աշխարհի գրեթե բոլոր պետություններին. վնաս կրեցին համաշխարհային տնտեսության բոլոր ոլորտները: Վերջին շրջանում նկատվող որոշ դրական փոփոխությունները կարող են հիմք տալ ենթադրելու, թե ճգնաժամն արդեն ավարտվել է, սակայն առկա փաստերը վկայում են, որ այս ճգնաժամը համակարգային է և չի կարող վերանալ, եթե չկատարվեն համակարգային փոփոխություններ:

Իրականացվող միջոցառումներն իրենց բնույթով ավելի շուտ նպատակ ունեն մեղմել ճգնաժամի հետևանքները` առանց վերացնելու ճգնաժամ ծնող պատճառները: Ճգնաժամը նախ և առաջ ԱՄՆ-ի ֆինանսատնտեսական ոչ արդյունավետ համակարգի արդյունք է, իսկ մյուս երկրները տուժեցին, քանի որ ֆինանսական թելերով ամուր շաղկապված էին ԱՄՆ-ին: Եթե դիտարկենք XX դարում տեղի ունեցած ճգնաժամերը, ապա պարզ կդառնա, որ դրանք ընթացել են ալիքաձև: Յուրաքանչյուր անկման հաջորդում է վերելք, իսկ  վերելքին` նոր անկում:

1929 թ. սկսված մեծ դեպրեսիան ԱՄՆ-ում հաղթահարվեց այն ժամանակ, երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը. ռազմական պատվերների կտրուկ ավելացումը հնարավորություն տվեց ավելի հզորացած դուրս գալու պատերազմից: ԱՄՆ-ի հաճախակի ճգնաժամների մեջ հայտնվելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ 1913 թ. հիմնադրված երկրի կենտրոնական բանկը (Դաշնային պահուստային համակարգ (ԴՊՀ)) լիովին անկախ կառույց է և հաշվետու չէ պետությանն իր գործունեության համար:

Իրականացնելով դոլարի անվերահսկելի ու մեծաքանակ արտադրություն` բանկն այդ գումարը որոշակի տոկոսադրույքով տրամադրում է կառավարությանը: Եվ քանի որ դոլարը նաև համաշխարհային հիմնական արժույթն է, դոլարի քանակի անկառավարելի աճը ուղղակիորեն հարվածում է բոլոր մասնակից երկրներին: Աշխարհի համախառն արտադրանքն իր աճի տեմպերով չի հասնում դոլարի ավելացման տեմպերին` առաջացնելով դոլարի արժեզրկում (ինֆլյացիա) և ապրանքների գների աճ: Իրավիճակը ցնցումային չէր, քանի դեռ ԱՄՆ-ն ոսկով ապահովում էր իր արժույթի գինը: Սակայն 1976 թ. լողացող փոխարժեքների համակարգին անցում կատարելով և հրաժարվելով դոլարի ոսկով ապահովումից` վերացավ դոլարի արժեզրկումը խոչընդոտող հիմնական զսպաշապիկը, և այդ պահից աշխարհի հիմնական արժույթը ոչնչով ապահովված չէ:

Տասնամյակների ընթացքում ԴՊՀ-ն նաև նպաստել է բնակչությանը տարատեսակ վարկերի (հիպոթեկային, սպառողական) անսահմանափակ տրամադրմանը, ինչը պարբերաբար հանգեցրել է նրան, որ բնակչության զգալի մասը, հայտնվելով պարտքերի մեջ և  կորցնելով աշխատանքը, զրկվել է այն ամենից, ինչ ձեռք է բերել նախկինում վարկերի միջոցով:

Դոլարի անհուսալիության ուղղակի հետևանք էր 1999 թ. նոր արժույթի` Եվրոյի ստեղծումը: Այս հանգամանքը որոշակիորեն մեղմեց երկրների կախվածությունը  դոլարից: Այժմ ԱՄՆ-ն, օգտագործելով Հունաստանի ծանր վիճակի խաղաքարտը, հարձակում է սկսել եվրոյի նկատմամբ, որի փոխարժեքը անկում է ունեցել: Սակայն, ամենայն հավանականությամբ, ԵՄ հիմնասյուների` Գերմանիայի և Ֆրանսիայի ջանքերով կհաջողվի խուսափել հետագա անկումից և դուրս գալ ճգնաժամից: Ոսկին նույնպես դիտարկվում է որպես ճգնաժամից  խուսափելու փորձված տարբերակ: Եթե 2008 թ. վերջերին ոսկու մեկ տրոյական ունցիան արժեր շուրջ 750$, 2010 թ. մայիսի տվյալներով` ոսկու գինը տատանվում է 1225 $-ի սահմաններում (ըստ ոսկու գրաֆիկի` աճը հավանաբար կշարունակվի): Այսինքն` ճգնաժամի թեժ շրջանում փախուստը արժույթներից մեծացրել է ոսկու պահանջարկը` հանգեցնելով դրա գնի բարձրացմանը: Ուստի տրամաբանական է, որ քանի դեռ ոսկու գինը աճի միտում ունի, ճգնաժամը ավարտված համարել չի կարելի: Արծաթի, պլատինի և մյուս մետաղների գները նույնպես աճել են:

Ներկայիս թվացյալ առողջացումը ճգնաժամի  անկման ալիքին հաջորդած հակաալիք էր, որին պետք է հաջորդի նոր անկում:

Մի կողմից` ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը պահանջում է նոր պատերազմներ և նոր ռազմական պատվերներ, մյուս կողմից` այդ պատերազմների սանձազերծումը ավելի է մեծացնում ԱՄՆ պետական պարտքի բեռը` առաջացնելով տնտեսության մյուս ոլորտների անհամաչափ զարգացում: Պարզ է, որ ռազմարդյունաբերական համալիրի գերակայությամբ գործող և անընդհատ պատերազմելու կարիք ունեցող համակարգը չի կարող արդյունավետ լինել և երկար գոյատևել: Պատերազմների միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումը, գործազրկության մակարդակի նվազեցումը և այլ խնդիրների լուծումը փակուղային է և ի վերջո ստեղծելու է մի վիճակ, երբ «փոս փորողն ընկնելու է իր փորած փոսը»: ԱՄՆ-ի ներկայիս քայլերը ֆինանսական ոլորտի կարգավորման ուղղությամբ (նորանոր քանակի դոլարային հատկացումներ տնտեսության մեջ) նման են վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդին կոսմետիկ վիրահատությամբ բուժելու փորձերի, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը:

Ի՞նչ հնարավոր  տարբերակներ կան  ճգնաժամից դուրս գալու  համար

- Աշխարհում բազմաթիվ թեժ կետերի առկայության պայմաններում, որպես ճգնաժամից դուրս գալու տարբերակ, ԱՄՆ-ն կարող է դիտարկել լոկալ և նույնիսկ համաշխարհային պատերազմի սանձազերծումը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու համակարգային փոփոխություններ, ստեղծելու նոր ֆինանսատնտեսական մոդել, որի արդյունքում կառաջանան ուժային նոր կենտրոններ:

- Ճգնաժամը հաղթահարելու մյուս տարբերակը կարող է լինել բազմարժութային ֆինանսական համակարգի ստեղծումը` յուանի, եվրոյի, ռուբլու և այլ ռեգիոնալ արժույթների հավասարաչափ ընդգրկմամբ` բացառելով որևէ արժույթի գերայությունը աշխարհում: Դա պետություններին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու ֆինանսական քաղաքականությունը և ավելի ճկուն գործելու պայմաններ ստեղծելու` զգալիորեն խուսափելով ցնցումային իրավիճակներից:

- Ներկայումս աշխարհի շատ երկրներում ստեղծված տնտեսական գործունեության  ֆիկտիվ ոլորտը (զանազան արժեթղթերի սպեկուլյացիա, բանկային տարբեր գործառույթներ, ծառայությունների սեկտորի անհամամասնական զարգացում իրական արտադրության հետ համեմատած) վաղ թե ուշ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամերի. ուստի արտադրական հնարավորությունների մեծացումը, ֆինանսա-կրեդիտային համակարգի խիստ վերահսկողությունը  և ավելի արդյունավետ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը  տնտեսության մեջ էապես կնպաստեն ճգնաժամի հաղթահարմանը: Յուրաքանչյուր պետության իրական հզորությունը պետք է հիմնված լինի  նյութական  բարիքներ ստեղծելու, ոչ թե թղթադրամներ արտադրելու վրա:

- Ճգնաժամից  դուրս գալու համար նպաստավոր կլինի, եթե Հայաստանը կարճ ժամանակամիջոցում էապես կրճատի դոլարային պահուստները, որդեգրի բազմաարժութային խնայողությունների զամբյուղ` տեղ հատկացնելով Եվրոյին, շվեյցարական ֆրանկին, ռուբլուն, յենին, յուանին և ոսկուն: Սա հնարավորություն կտա վնասներ չկրելու շատ մոտ ապագայում դոլարին սպառնացող կոլապսային իրավիճակներից և չվտանգելու փխրուն տնտեսական հավասարակշռությունը:

- Ի վերջո, այս ճգնաժամը նաև մարդկային հարաբերությունների, պետությունների գործելակերպի  և համոզմունքների ճգնաժամ է: Անպատասխանատու վերաբերմունքը երկիր մոլորակի նկատմամբ, տասնամյակներ շարունակ օգտակար հանածոների անխնա շահագործումը, շրջակայքը աղտոտելով երկրի էկոհամակարգին էական վնասներ հասցնելը և քաղաքակրթության այլ «բարիքներ» ստեղծել են մի իրավիճակ, երբ մարդը վերածվել է ապրանքներ սպառող էակի` մոռանալով հոգևոր պահանջմունքների մասին: Շարունակ նյութական բարիքների ետևից «վազելը» չի կարող գերնպատակ հռչակվել:

Ապագան կարող է իսկապես պայծառ և ապահով լինել, եթե պետությունները շեշտը դնեն անսպառ էներգատեսակների (քամի, ջուր, արև, ատոմ) վրա` չխախտելով մոլորակի հավասարակշռությունը, եթե ստեղծվեն արդարացի ֆինանսատնտեսական ենթակառուցվածքներ` յուրաքանչյուր երկրի հատկացնելով իրեն հասանելիք տեղը:

Հակոբ Վարդանյան

http://ankakh.com/2010/06/42618/

Copyright © 2010 — ankakh.com. All Rights Reserved.